Դեսպան Մարտիրոսյանի հանդիպումը Բանգլադեշի արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ

10 փետրվարի, 2019

Փետրվարի 10-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը Դաքքայում հանդիպում ունեցավ Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Ա.Կ. Աբդուլ Մոմենի (A.K. Abdul Momen) հետ։ Դեսպան Մարտիրոսյանը Բանգլադեշի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Ա.Կ. Աբդուլ Մոմենին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորագիրը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արձանագրելով ՄԱԿ-ում Հայաստանի և Բանգլադեշի մշտական ներկայացուցչությունների միջև տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը վերահաստատեցին երկկողմ օրակարգի ընդլայնման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում նախարար Մոմենը դեսպանի հետ կիսեց իր հուշերը Դաքքայի Արմանիթոլա հայկական թաղամասում նախկինում բնակվող հայերի մասին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարումը Բենգալում։ Փոխգործակցության հեռանկարների համատեքստում կողմերն առանձնակի կարևորեցին մշակութային բնագավառը՝ հաշվի առնելով Բանգլադեշում առկա հայկական մշակութային լուրջ ժառանգությունը։

Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հարցը քննարկելու նպատակով փետրվարի 12-ին դեսպան Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Բանգլադեշի մշակույթի նորանշանակ նախարար Կ.Մ.Խալիդի (K. M. Khalid) հետ։ Քննարկումների արդյունքում նախարար Խալիդն իր կառավարության անունից պատրաստակամությունն հայտնեց աջակցելու այդ գաղափարի կենսագործմանը։ Վերջինս խոստացավ նաև քաղաքային ծառայությունների հետ միասին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված եկեղեցուն հարող փողոցների բարեկարգմանը, ինչը կնպաստի հայկական եկեղեցի այցելող զբոսաշրջիկների թվի աճին։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հայ փորձագետների օգնությամբ Բանգլադեշի ազգային թանգարանի որոշ յուղանկարներ վերականգնելու, ինչպես նաև թանգարանում Բենգալի հայ համայնքի պատմությունն ու հայկական կերպարվեստի որոշ նմուշներ ներկայացնել շուրջ։ Նախատեսվում է նաև ընթացիկ տարում Դաքքայում կազմակերպել հայկական դասական երաժշտության համերգներ։ Վերոնշյալ ծրագրերի իրականացմանն իր կարևորագույն մասնակցությունն է բերում Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցու նախագահ ամերիկահայ Արմեն Արսլանյանը։

Տպել էջը