Նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցեց «Հակասեմիտիզմի դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» խորագրով համաժողովին

05 փետրվարի, 2019

Փետրվարի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության կողմից կազմակերպված «Հակասեմիտիզմի դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» խորագրով համաժողովին:

Համաժողովին բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը (Miroslav Lajcak)։ Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների նախարարներ և փոխնախարարներ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, հրեական համաշխարհային և եվրոպական կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովին քննարկվեցին կրթության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դերը հակասեմիտիզմի դեմ պայքարում:

Նախարարի տեղակալ Ապիտոնյանն իր ելույթում բնութագրեց հրեական Ողջակիզումը, որպես հակասեմիտիզմի ծայրագույն հանցանք՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ինստիտուցիոնալացված և արմատականացած խտրականությունը, համապատասխան քաղաքական հանգամանքների առկայության դեպքում, կարող է հանգեցնել առանձին կրոնական, ռասայական, էթնիկ և ազգային խմբի հանդեպ ցեղասպանության:

Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ այն ժողովուրդները, որոնք ենթարկվել են խտրականության, փրկվել են ցեղասպանության սարսափից և գտնվել են ոչնչացման եզրին, պետք է լինեն ռասիզմի և խտրականության, անհանդուրժողականության և անպատժելիության դեմ պայքարի առաջնագծում: Այս համատեքստում շեշտվեց, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի բարոյական պարտքն է և արտաքին քաղաքական գերակայությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադառնալով հայ և հրեա ժողովուրդների հարաբերություններին՝ ներկայացրեց Հայաստանի կառավարության ջանքերը Հայաստանում հրեաների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Նա շեշտեց, որ նացիստական օկուպացիայի ներքո գտնվող երկրների հայ համայնքի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել հրեաներին զանգվածային ոչնչացման սարսափներից փրկելու գործում: Այս համատեքստում հիշատակվեց Շարլ Ազնավուրի ընտանիքը, որի ջանքերը բարձր են գնահատվել Իսրայելի իշխանությունների կողմից:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ տարվող ջանքերին՝ Արտակ Ապիտոնյանը հիշատակեց 2018թ. դեկտեմբերին Հայաստանում անցկացված Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը դարձել է կարևոր հարթակ ցեղասպանության հիշատակի և կրթության հարցերի հասցեագրման համար:

Արտակ Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԱՀԿ մասնակից այն պետություններին, որոնք Միլանի նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մաս կազմեցին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյա տարեդարձի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը:

Տպել էջը