Հայկական բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն Ավստրիայում ՀՀ դեսպանությունում

05 փետրվարի, 2019

Փետրվարի 5-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հայկական բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն` ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության պաշտպանության հարցերով պետական խորհրդական Կարեն Մուրադյանի անունից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Նա իր ելույթում շնորհավորեց Բանակի օրվա կապակցությամբ՝ այն դասելով Հայաստանի կարևոր տոների շարքում։ Հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի անկախության և անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինվորներին, սպաներին և հրամանատարներին։ Արմեն Պապիկյանը շեշտեց, որ չնայած այս տարի մենք նշում ենք Բանակի կազմավորման 27-ամյակը, Հայոց բանակը, հիրավի, հազարամյա պատմություն ունի, իսկ անցյալի հերոսները հայրենիքի և Հայաստանի ազատության գործին իրենց նվիրումով օրինակ են ծառայում ներկայիս հրամանատարների և շարքայիններին։

Արմեն Պապիկյանը նշեց նաև, որ Հայաստանի զինված ուժերի շարունակական հզորացումը և բանակի կարողությունների առավել զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է։ Անդրադարձ կատարվեց նաև միջազգային ռազմա-քաղաքական բնագավառում համագործակցության կարևորությանը` այս համատեքստում ընդգծելով Հայաստանի աշխարհի տարբեր շրջաններում խաղաղապահ գործողություններում մասնակցությունը։

Ավարտելով իր ելույթը` դեսպան Պապիկյանը խաղաղություն մաղթեց հայ զինծառայողներին և շնորհակալություն հայտնեց նրանց ծառայության համար։

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի խորհրդարանի, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԱՀԿ մասնակից պետությունների պատվիրակությունների դիվանագետներ և ռազմական խորհրդականներ, ավստրիահայ համայնքի կառույցների ղեկավարներ և հոգևոր առաջնորդներ:



Տպել էջը