Գերմանիայում Հայաստանի դեսպանի այցը Քյոլն քաղաք

23 հունվարի, 2019

Հունվարի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Քյոլն քաղաքում հանդիպում ունեցավ քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը, երկուստեք կարևորեցին Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Քննարկվեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը դեսպանը հանդիպում ունեցավ Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ: Կողմերը մանրակրկիտ անդրադարձ կատարեցին միջբուհական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Տեղեկանք. Քյոլնը արդյունաբերական հայտնի Ռուրի շրջանում գտնվող, Գերմանիայի տնտեսապես ամենազարգացած Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ամենախոշոր քաղաքն է: Տարբեր աղբյուրների համաձայն՝ 6.000-10.000 անդամ ունեցող Քյոլնի հայկական համայնքն ամենախոշորն է Գերմանիայի տարածքում: Այստեղ է գտնվում նաև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը:

Տպել էջը