Դեսպան Գառնիկ Բադալյանի հանդիպումները Թուրքմենստանի փոխվարչապետերի հետ

15 հունվարի, 2019

Հունվարի 15-ին, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում նավթի, գազի և էներգետիկայի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մուրադգելդի Մերեդովի հետ (Myratgeldi Meredow):                  

Հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Զրուցակիցներն ընդգծեցին նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Նույն օրը դեսպան Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում տրանսպորտի և կապի ոլորտները համակարգող փոխվարչապետ Մամեդխան Չաքիևի հետ (Mämmethan Çakyýew): Զրուցակիցներն անդրադարձան 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը, ինչը երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: Նշվեց, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

 

Տպել էջը