ՀՀ դեսպանի հանդիպումը Թուրքմենստանի փոխվարչապետի հետ

08 Հունվարի, 2019

Հունվարի 8-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները  համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովի հետ (Purley Agamuradov):

Հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում կայանալիք Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ  պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի (Raşit Meredow) հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:     

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը համակարծիք էին, որ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցություն է ծավալվել։ Ակտիվ են հայ-թուրքմենական գիտակրթական կապերը,  համագործակցություն է հաստատվել Երևանի պետական համալսարանի, Թուրքմենստանի Մահտումկուլի Ֆրագիի անվան պետական համալսարանի և Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի միջև, բազմաթիվ հայազգի քաղաքացիներ կրթություն են ստացել կամ ստանում են ՀՀ բուհերում, հայ և թուրքմեն գիտնականները մասնակցում են տարբեր գիտական և բուհական կոնֆերանսների: Համագործակցության լայն ոլորտ է նաև առողջապահությունը: Այս համատեքստում, կողմերն անդրադարձան նաև սեյսմոլոգիայի և աստղագիտության բնագավառներում հնարավոր համագործակցության ծավալմանը, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի ունեցած  փորձառությանը, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպմանն ու տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման հարցերին:     

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորեցին երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ․ կողմերի միջև ստորագրվել է շուրջ 80 համաձայնագիր, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

Տպել էջը