Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳՆ-ների միջև

17 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos):

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Հունաստանի օրենսդիրի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զրուցակցի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Իր հերթին, Յորգոս Կատրուգալոսը ներկայացրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ հունական կողմի դիրքորոշումը:

Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ ձևաչափերով և միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության և փոխաջակցության հետ կապված հարցերին:

Տպել էջը