ՀՀ դեսպանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

14 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 14-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ:

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստեցին երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։ Հայ դիվանագետն առանձնակի նշեց Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը, վստահություն հայտնելով, որ, մոտ ապագայում Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում կձևավորվի Չեխիայի հետ բարեկամության գործուն խումբ։

Դեսպանը խոսնակին ներկայացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, խոսեց ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատեց Չեխիայի՝ ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը և հաջողություն մաղթեց ՀՀ-ում ընթացող դրական գործընթացներին։ Նա մեծապես կարևորեց բարձր մակարդակի՝ չեխ-հայկական միջխորհրդարանական կապերի շարունակականությունը նաև միջազգային բազմակողմ հարթակներում։

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց երկկողմ տնտեսական հարաբերություններում մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորեցին Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նշելով որ Չեխիայի խորհրդարանի Սենատն այն արդեն վավերացրել է ընթացիկ տարվա մայիսին։ Ի պատասխան Ռադեկ Վոնդրաչեկը նշեց, որ Համաձայնագրի՝ մինչ այսօր չվավերացնելու պատճառը զուտ տեխնիկական է՝ Չեխիայի ներքին օրակարգի գերհագեցածությունը։ Նա վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կկարգավորվի։

 

Տպել էջը