Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին

13 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 13-ին Թուրքմենստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ, նախագահական «Օղուզխան» պալատում ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (Gurbanguly Berdimuhamedow):

Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշությունը՝ նշելով, որ նորանշանակ դեսպանին հետաքրքիր աշխատանք է սպասվում պատմականորեն հարուստ անցյալ ունեցող Թուրքմենստանում: Թուրքմենստանի նախագահը ողջունեց երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ կատարվելիք առաջիկա աշխատանքները՝ կարևորելով Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացումը:

Նախագահ Բերդիմուհամեդովը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր արգասաբեր գործունեությամբ կնպաստի և նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Թուրքմենստանի միջև ծավալված արդյունավետ փոխգործակցությանը։

ՀՀ դեսպանը Թուրքմենստանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ողջույնները և հավաստիացրեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

Ողջունելով երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ ՀՀ նորանշանակ դեսպանի ծրագրերը` Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաջողություն մաղթեց առաքելության ընթացքում դրանց իրականացման գործում։

Հանդիպման ավարտին դեսպան Բադալյանը ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհեց Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի անվան մզկիթում։ Դեսպանը պատասխանեց նաև Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին։

Տպել էջը