Զոհրաբ Մնացականյանն ընդունեց միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

10 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։

Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրեցին նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը, մտքեր փոխանակեցին ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող է՝ շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։

Տպել էջը