Լոնդոնում հարգանքի տուրք մատուցվեց Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կողմից մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Միացյալ Թագավորությունում բնակվող բազմաթիվ հայեր։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։

Պատարագից հետո ներկաներին խոսք հղեց ՀՀ դեսպանության հյուպատոս Հայարփի Դրմեյանը, ով անդրադարձավ 30 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած սոսկալի աղետին ու դրա հետևանքների հաղթահարման ուղղված աշխատանքներին։ Նա շնորհակալություն հայտնեց բրիտանահայ և իռլանդահայ համայնքին հայրենիքին ցուցաբերված շարունակական աջակցության համար, ինչպես նաև երախտիքի խոսք ուղղեց բրիտանական և իռլանդական կառավարություններին, կազմակերպություններին, անհատներին և փրկարարներին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին, ինչը միջազգային հումանիտար օգնության փայլուն օրինակ է։

Բրիտանահայ համայնքային խորհրդի անունից ներկաներին խոսք ուղղեց նաև Հրաչ Կույումջյանը։

Եկեղեցուն կից տեղակայված խաչքարի մոտ կատարվեց նահատակների խնկարկման կարգ, որից հետո դեսպանության ներկայացուցչի կողմից դրվեցին ծաղիկներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

Տպել էջը