Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում

09 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին Բուխարեստի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց հոգեհանգստի կարգ և միասնական աղոթք՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:

Հոգեհանգստի արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը՝ հայտնելով իր երախտագիտությունը ռումինական կառավարությանն ու ռումինահայերին, ում հոգածության շնորհիվ երկրաշարժից տուժած 54 հայ երեխաներ 1989թ. հուլիսին ծովով հասան Ռումինիա և մոտ 15 օր հանգստացան տեղի ճամբարներում: 1988թ. արհավիրքի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով Ռումինիայից աղետի գոտու բնակչությանը փոխանցվել է նաև նյութական աջակցություն:

Հոգևոր արարողությանը ներկա էին Ռումինահայոց միության ղեկավար անձնակազմն ու անդամները, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ և բազմաթիվ հավատացյալներ:

Տպել էջը