ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցեց «Բարձրացնելով բնական աղետներին պատրաստվածությունը» միջոցառմանը

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնացեց ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպած «Բարձրացնելով բնական աղետներին պատրաստվածությունը» թեմայով միջոցառմանը։

ՄԱԿ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցչի նախագահությամբ պանելային քննարկմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ, Համաշխարհային բանկի Եվրոպայում և Ասիայում աղետների ռիսկերի կառավարման տարածաշրջանային ներկայացուցիչը, ՄԱԿ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը, ՄԱԿ հումանիտար հարցերով համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։      

Հիշատակելով Սպիտակում 1988թ․ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի 30-րդ տարելիցը, Մհեր Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ այդ կործանիչ աղետին Հայաստանի դիմակայելու և հաղթահարելու փորձին՝ երախտագիտություն հայտնելով միջազգային հանրությանը երկրաշարժին հաջորդած արագ արձագանքի և Հայաստանին ցուցաբերած հսկայական աջակցության համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչը անդրադարձավ Համաշխարհային բանկի և ՄԱԿ զարգացման ծրագրի աջակացությամբ Հայաստանի գործադրած ջանքերին՝ ուղղված Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացմանը, նշելով ճգնաժամերի կառավարման կենտրոնի և Աղետների ուսումնասիրման ազգային կենտրոնի գործունեության մասին։

Քննարկման մասնակիցները ներկայացրեցին բնական աղետների նկատմամբ խոցելիությանը դիմակայելու, դրանց նախապատրաստվելու, ռիսկերը նվազեցնելու, համապատասխան համակարգված արդյունավետ գործողություններ իրականցնելու իրենց ազգային և ինստիտուցիոնալ փորձը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ալանա Սիմփսոնն իր զեկույցում անդրադարձ կատարեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը հիշատակելու նպատակով կազմակերպված լուսանկարների մրցույթին։ Մրցույթը հաղթող նկարները հասանելի են http://www.worldbank.org/en/news/feature/2018/12/07/resilient-armenia---commemorating-30-years-since-the-spitak-earthquake հղումով։

Տպել էջը