Ղազախստանում ՀՀ դեսպանը մասնակցեց 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Գագիկ Ղալաչյանն ընդգծեց, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին հայ ժողովրդին այդ իրավամբ դժվար պահին օգնության հասան բազմաթիվ երկրներ, այդ թվում` Ռուսաստանն ու Ղազախստանը` երախտագիտություն հայտնելով ցուցաբերած համերաշխության համար: Այնուհետև դեսպանը ծաղկեպսակ դրեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին:

Կարգն անցկացնում էր Աստանայի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևը (Сергий Карамышев):

Երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Ալմաթի քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը հանդես է եկել «Добрые обеды» բարեգործական կազմակերպության օրվա բոլոր ծախսերը հոգալու նախաձեռնությամբ՝ այդպիսով նպատակ ունենալով օգնել թոշակառուներին և կարիքավորներին և ողջ հայ ժողովրդի երախտագիտությունը հայտնել ղազախստանցիներին։

Տպել էջը