Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառում Մինսկում

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ.Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Եկեղեցում տրված հոգեհանգստի արարողությունից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աղետի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը, որին հաջորդեց Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելի կոնդակի համաձայն Մինսկի բոլոր եկեղեցիների զանգերի համաղողանջը՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը՝ իր խոսքում ընդգծելով հայ ժողովրդի երախտագիտությունը միջազգային հանրության, պետությունների ու ժողովուրդների, սփյուռքի կառույցների ու ներկայացուցիչների կողմից ցուցաբերած օժանդակության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել 1988-ի արհավիրքի հետևանքները: Ելույթ ունեցան նաև «Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության» (Минское городское армянское культурно-просветительское общество Айастан) նախագահ Գեորգի Եղիազարյանը և Բելառուսից Հայաստան 1988թ. մեկնած փրկակար ջոկատներից մեկի ղեկավար Գենադի Մասալկովը:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի, Բելառուսի հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, դեսպանընկալ երկրի արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների և այլ նախարարությունների ու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, մշակութային և հասարակական գործիչներ:

Տպել էջը