Հայաստանի մշտական ներկայացուցիչը հավատարմագիրը հանձնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենին

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր հավատարմագիրը հանձնեց ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին (Fernando Arias)։

Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` ՔԶԱԿ գլխավոր տնօրենը կարևորեց անդամ-պետությունների և տեխնիկական քարտուղարության միջև համագործակությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան Բալայանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՔԶԱԿ դերակատարությանը միջազգային անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստակամ է շարունակել ՔԶԱԿ քարտուղարության հետ սերտ փոխգործակցությունը։ Մշտական ներկայացուցիչ Բալայանը կարևորեց կառույցում որոշումների ընդունման գործընթացում կոնսենսուսի պահապանումը՝ որպես Քիմիական զենքի արգելման կոնվենիցայի նպատակների շուրջ միջազգային հանրության միասնականության պահպանման կարևոր գրավական։

Հայաստանի մշտական ներկայացուցիչն ու ՔԶԱԿ գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին կազմակերպության գործունեության, կառույցի շրջանակներում ընթացող զարգացումների վերաբերյալ։

Երկուստեք կարևորվեց Կոնվենցիայի դրույթների ազգային կիրարկման ուղղությամբ արդյունավետ մեխանիզմների մշակումն ու իրականացումը: Անդրադարձ եղավ նաև խաղաղ նպատակներով ոլորտի զարգացմանը միտված միջազգային համագործակցությանը:

Զրույցից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՔԶԱԿ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջայց կաատարեց ՔԶԱԿ կենտրոնակայանում, ծանոթացավ քարտուղարության ստորաբաժանումների և գործադիր խորհրդի աշխատանքային պայմաններին։

 

Տպել էջը