ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի հայտարարություն Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյա տարեդարձի կապակցությամբ հայտարարություն

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ընդունվեց հայտարարություն Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանը հանդես եկավ Կոնվենցիայի 70-ամյա տարեդարձը ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի կողմից նշանավորելու նախաձեռնությամբ, որը համահեղինակեց Կիպրոսը:

ՀՀ և Կիպրոսի նախաձեռնությունն արժանացավ ԵԱՀԿ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության աջակցությանը։ Արդյունքում, ԵԱՀԿ ավելի քան 40 երկրներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ինչը հաստատեց ԵԱՀԿ շրջանակներում ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի խնդրի շուրջ համագործակցության կարևորությունը:

Համատեղ հայտարարության մեջ մասնավորապես վերահաստատվեց կոնվենցիայի նշանակությունը՝ որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա դեմ պայքարի կարևոր գործիք: ԵԱՀԿ մասնակից երկրներին կոչ արվեց ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ: Ողջունվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը՝ որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակումը:

Հայտարարությունն ընդունած երկրներն ընդգծեցին ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարևորությունը՝ կոնվենցիայի սկզբունքների իրականացման գործում: Կարևորվեց կրթության, մասնավորապես մարդու իրավունքների կրթության դերը ցեղասպանության կանխարգելման գործում:

Տպել էջը