Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

05 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին (Bahaa Dessouki)՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխնախարարը հույս հայտնեց, որ եգիպտացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ խորացնելու ու բազմազանեցնելու երկկողմ օրակարգն ու կապերը, որոնք խարսխվում են հնագույն ժամանակներից սկիզբ առած պատմամշակութային առնչությունների վրա:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, միջազգային կառույցներում փոխգործակցությունն ընդլայնելու, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու անհրաժեշտությանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հակամարտությունների կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման պահպանումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Եգիպտոսի նորանշանակ դեսպանը հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի երկու երկրների միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:

Տպել էջը