Հայաստանի դեսպանը հանդիպեց Ալմելոյի քաղաքապետին

05 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների ամենահայաշատ բնակավայրի՝ Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենին (Arjen Gerritsen)։ Հանդիպմանը ներկա էր Ալմելոյի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Ռոբին Հայկ Գելիջին։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ Թագավորին իր հավատարմագրերը հանձնելուց հետո տեղական իշխանությունների ներկայացուցչի հետ առաջին հանդիպումը հենց Ալմելոյի քաղաքապետի հետ է, մի բնակավայրի, որը հանդիսանում է ամենահայաշատ վայրը Նիդերլանդներում։ Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի և նրանց հետ բարձրացրած հարցերին լուծումներ տալու համար։

Ալմելոյի քաղաքապետը նշեց, որ ինքը հպարտ է ծագումով հայ իր համաքաղաքացիներով, որոնք տասնամյակներ ի վեր կարևոր ներդրում են բերում քաղաքի զարգացմանը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի քաղաքներից մեկի և Ալմելոյի միջև համագործակցության հաստատման հնարավորության վերաբերյալ, քննարկվեցին հայ համայնքային կառույցների գործունեությանն առնչվող հարցեր։

Ալմելոյում դեսպան Բալայանը հանդիպեց նաև ծագումով հայ գործարարների հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի ներդրումային դաշտը և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առավելությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործարարների Հայաստան այցելություն կազմակերպելու վերաբերյալ։

Տպել էջը