Արվեստագետ և բարերար Սեդրակ Նազարյանի մեծարման միջոցառումը

29 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի նկարիչ-ռեստավրատոր և բարերար Սեդրակ Նազարյանի:

Հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը համառոտ կերպով ներկայացրեց վաստակաշատ արվեստագետի կենսագրությունը, նրա հարուստ ստեղծագործական գործունեությունը: Հիշատակվեցին վարպետի մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերականգնման բարձրարվեստ գործը:

Իր խոսքում դեսպան Արտաշես Թումանյանը նշեց, որ օրվա գլխավոր առիթը Սեդրակ Նազարյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա դրամահավաքին ցուցաբերած բացառիկ վերաբերմունքն է: Նշվեց, որ վերջինս մշտապես մասնակցել է ամենամյա դրամահավաքներին, սակայն այս անգամ արվեստագետը նվիրաբերել է իր աշխատանքային գործունեության տարիների ընթացքում խնայած իր դրամական միջոցները՝ 120 հազ. ԱՄՆ դոլար:

Խոսելով Սեդրակ Նազարյանի բարեգործական և մարդասիրական քայլի կարևորության մասին՝ ՀՀ դեսպանը հատկապես ընդգծեց նրա հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը, որն ընդօրինակման աղբյուր կարող է դառնալ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների, մասնավորապես պատանի և երիտասարդ սերնդի համար:

Դեսպան Թումանյանն անվանի արվեստագետին հանձնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը:

Սեդրակ Նազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպման համար և նշեց, որ ինքն ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում:

Հանդիպմանը մասնակցում էր Իրանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որը նույնպես հայտնեց իր երախտագիտության խոսքը: Ներկա էին նաև Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյանը, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Հովհաննիսյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

 

Տպել էջը