Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ

14 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 14-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խմբի (GR-C) նախագահ՝ 2018թ. նոյեմբերի 14-ից 2020թ. օգոստոսի 31-ը։ Նախարարների կոմիտեում ներկայացված 47 անդամ երկրների դեսպանները միաձայն հավանություն տվեցին դեսպան Հովհաննիսյանի թեկնածությանը:

Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով զեկուցողների խումբը Նախարարների կոմիտեի համակարգող մարմին է, որին փոխանցվում են նշված ոլորտներում անդամ պետությունների փորձագիտական մակարդակում քննարկումների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում խումբն իրականացնում է լրամշակումներ, համաձայնեցնում բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները և փոխանցում Նախարարների կոմիտեի հաստատմանը։

 

Տպել էջը