ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հետ

12 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 12-ին Մհեր Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Աքիմ Շտայների հետ:

Կարևորելով ՄԱԶԾ երևանյան գրասենյակի և ՄԱԶԾ կենտրոնակայանի Եվրոպայի հետ հայկական կողմի արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ ՄԱԶԾ շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով: Մհեր Մարգարյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ՄԱԶԾ-ի հետ ամրապնդվող և ընդլայնվող գործընկերությունը՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է առաջ տանելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Կողմերն անդրադարձան նաև արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին` երկուստեք կարևորելով ՄԱԶԾ և միջազգային այլ գործընկերների աջակցությունը առաջիկա խորհդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կազմակերպելու գործում։

ՄԱԶԾ կառավարիչ Շտայները շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ՄԱԶԾ հետ ակտիվ և արդյունավետ երկխոսություն պահպանելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանում և Հայաստանի համար մշակված լուծումները ՄԱԶԾ կողմից օրինակելի են դիտարկվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով ազգային նորարար հարթակներ մշակելու առումով։

Տպել էջը