ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 7-ին Փարիզում, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի կողմից խորհրդի հանդիսությունների սրահում տրվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի խորհրդարանականներ, քաղաքապետեր, տեղական համայնքների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի անդամներ, հոգևոր այրեր, ֆրանսիացի գործիչներ:

Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ՝ Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ տիկին Վալերի Պեկրեսն անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերությունների անցյալին, ներկային ու ապագային և վստահություն հայտնեց, որ առաջիկայում Երևան կատարելիք իր այցը նոր խթան կհաղորդի համագործակցությանը, մասնավորապես՝ քաղաքային տնտեսության կառավարման, նոր տեխնոլոգիաների և նորարարության, մշակույթի և կրթության ոլորտներում: Իր խոսքում Վալերի Պեկրեսը հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի, ինչպես նաև մի քանի ամիս առաջ կյանքից հեռացած Ֆրանիական Դիմադրության շարժման վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանի հիշատակին:

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդի նախագահին միջոցառման նախաձեռնման համար, ընդգծեց երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար նորանկախ պետության կարևորությունը, անդրադարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ և բազմաոլորտ հարաբերություններին: Դեսպանն ընդգծեց Ֆրանսիայում կատարելապես ինտեգրված և միևնույն ժամանակ իր արմատներին հավատարիմ 600-հազարանոց հայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդման գործում: Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ երկկողմ ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը, որի լավագույն օրինակներից է ինչպես Երևան-Իլ-դը-Ֆրանսի, այնպես էլ՝ ռեգիոնի և Հայաստանի տասնյակ քաղաքների քույր քաղաքների միջև հաստատված սերտ համագործակցությունը:

Ելույթներով հանդես եկան նաև ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագաներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, ինչպես նաև Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահ, «Վտանգված Արևելյան քրիստոնյաներ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Պատրիկ Կարամը:

Տեղեկանք

Իլ-դը-Ֆրանս ռեգիոնը կազմում է Ֆրանսիայի տարածքի 2,2 տոկոսը, որի մեջ մտնում են Փարիզը և շրջակա 7 դեպարտամենտները: Իլ-դը-Ֆրանսում է բնակվում Ֆրանսիայի բնակչության մոտ 19 տոկոսը (12 մլն): Ֆրանսիայի ամենահարուստ ռեգիոնն է, որտեղ ստեղծվում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 31 տոկոսը:

 

Տպել էջը