Դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը Սիրիայի արտգործնախարարի հետ

08 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմի հետ։

Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ ԱԳ նախարարը հայտնեց սիրիական իշխանությունների գնահատանքն ու երախտագիտությունը պատերազմի ամենածանր շրջանում Դամասկոսը չլքելու և Սիրիայում դիվանագիտական ներկայացվածությունը բարձր մակարդակով պահպանելու համար:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երախտապարտ է ՍԱՀ արտաքին գործերի նախարարության անձնակազմին և անձնապես նախարար ալ-Մուլլիմին մշտական աջակցության, Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի համար, որի շնորհիվ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքն էապես դյուրին և արդյունավետ է ընթանում:

Խոսելով հայ-սիրիական հարաբերությունների մասին Վալիդ ալ-Մուալլիմն ընդգծեց, որ դրանք ունեն խորը և ամուր արմատներ, իսկ հայ ու սիրիացի ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ, այդ իսկ պատճառով Սիրիան մեծապես շահագրգռված է հետպատերազմյան շրջանում բարեկամ Հայաստանի հետ համագործակցության առավել ամրապնդմամբ և աշխուժացմամբ: Նախարարը նշեց, որ 2009թ.-ին ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորած պատվիրակության կազմում Երևան այցելությունը մեծ տպավորություն էր գործել նրա վրա և հույս հայտնեց, որ ապագայում երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելույթունների ավանդույթը կվերսկսվի:

Դեսպան Փոլադյանն իր հերթին ընդգծեց Հայաստանի և հայ ժողովրդի երախտագիտությունը սիրիացի բարեկամ ժողովրդին ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի հանդեպ մարդասիրական վերաբերմունքի համար, որը խորը հետք է թողել մեր ազգի պատմական հիշողության մեջ և երբեք չի մոռացվի: ՀՀ դեսպանը նաև վստահություն հայտնեց, որ սիրիական հակամարտության մոտալուտ կագավորումը և բաղձալի խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Սիրիայի բազմաոլորտ հարաբերություններին նոր շունչ և ավյուն հաղորդելու համար:

Հանդիպման ավարտին ՍԱՀ արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլիմը դեսպան Արշակ Փոլադյանին հաջողություն և բարի վերադարձ մաղթեց:

 

 

Տպել էջը