Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին

02 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 2-ին Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Բոլոտ Օթունբաևն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Բոլոտ Օթունբաևին ՀՀ-ում Ղրղզական Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը հույս հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-ղրղզական համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։ Նա իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում մեր երկրների և ժողովուրդների համար հոբելյանական՝ հայ-ղրղզական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում։ Հույս ունենք, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ղրղզական երկկողմ հարաբերությունների աշխուժացման և ակտիվացման, կողմերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսության արդյունավետ ծավալման համար՝ հաշվի առնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ առկա է միջպետական համագործակցության զգալի փորձ և իրավապայմանագրային դաշտ՝ հետագա զարգացման համար»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլոտ Օթունբաևը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում Ղրղզստանի դեսպան նշանակվելը և պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ նպաստել հայ-ղրղզական երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը։

Հանդիպմանը Արմեն Պապիկյանը և Բոլոտ Օթունբաևը քննարկեցին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, միջազգային կառույցներում (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՄԱԿ և այլն) փոխշահավետ համագործակցությունը, Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը:

Հանդիպման ավարտին դեսպան Օթունբաևը Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սեդրակյանին հանձնեց Ղրղզստանի ԱԳ նախարարի հատուկ պատվոգիրը հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստմանը և անցկացմանը ցուցաբերած ակտիվ աջակցության համար։

 

Տպել էջը