«Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագրով տեղեկատվական ֆորում Գերմանիայի Կարլսրուե քաղաքում

26 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 25-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքում գտնվող Առևտրի և արդյունաբերության պալատում տեղի ունեցավ «Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հայաստանի դեսպանության, ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Առևտրի և արդյունաբերության պալատի և Commit ընկերության նախաձեռնությամբ:

Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Առևտրի և արդյունաբերության պալատի Արտաքին տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերթ Հուբերը հանդես եկավ բացման խոսքով, որին հաջորդեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես` կոռուպցիայի և մենաշնորհների դեմ նոր թափ առած պայքարին, ՀՀ ներդրումային դաշտի ազատականացմանն ու տնտեսական մրցակցության ապահովմանը, ինչպես նաև գերմանական Schneider Group ընկերության և OWC հրատարակչության երևանյան ներկայացուցչության բացմանը։ Schneider Group ընկերության հիմնադիր-տնօրեն Ուլֆ Շնայդերը հանդես եկավ «Հայաստանը որպես կամրջող երկիր ԵԱՏՄ, ԵՄ և Իրանի միջև» խորագրով ելույթով` մանրամասն ներկայացնելով նաև ՀՀ հարկային քաղաքականությունը:

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության նախագահ Դիթմար Շտիլը, ով անդրադարձավ հայաստանյան շուկայի հնարավորություններին, Հայաստանում ընկերություններ հիմնադրելու դյուրին ընթացակարգերին:

ԳԴՀ կառավարության կողմից արտահանումների խրախուսման «Hermes» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Քրիստին Ուլրիկե Հյոռենն իր հերթին նշեց, որ Հայաստանն աստիճանաբար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերմանացի ներդրողների համար նաև ապահովագրական ընկերության ռիսկային սանդղակի տեսանկյունից:

Ֆորումին ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը:

Միջոցառման ավարտին հյուրերը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

 

Տպել էջը