Հանդիպում Համայն Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու ղեկավար, Մինսկի և Զասլավլի Միտրոպոլիտ Պավելի հետ

26 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 26-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու ղեկավար, Մինսկի և Զասլավլի Միտրոպոլիտ Պավելի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ դեսպանը Միտրոպոլիտ Պավելին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ ողջույնն ու Հայաստան այցելելու վերահաստատված հրավերը, ինչպես նաև՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն:

Պատասխան խոսքում Գերաշնորհ Սրբազան հայր Պավելը դեսպան Ղևոնդյանին շնորհավորեց նշանակման կապակցությամբ և նշեց, որ տասնամյակներ շարունակ երկու ազգերն ապրել են մի ընտանիքում և խոսել են մեկ լեզվով, չեն եղել սահմաններ և արգելքներ, սակայն ժամանակի ոգին այլ է և հրաշալի է, որ անգամ սահմանների առկայության պարագայում երկու ազգերը շփման ընդհանուր լեզու ունեն և միասնական են իրենց հավատքում: Վկայակոչելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իրեն կապող ջերմ հարաբերություններն ու վաղեմի ծանոթությունը` Գերաշնորհ Սրբազան հայր Պավելը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ այցելելու Հայաստան:

Դեսպան Ղևոնդյանը նշեց, որ իր ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին անշեղորեն առաջնորդվել և առաջնորդվում է մարդկանց, ազգերի և երկրների միջև խաղաղության ու բարեկամության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության սկզբունքներով, և որ այս մոտեցման վրա է խարսխված երկու ազգերի ու քույր եկեղեցիների հարաբերությունները: Դեսպանը հավելեց, որ հարգելով պետության և եկեղեցու տարանջատվածության սկզբունքը, կձգտի նաև աջակցել քույր եկեղեցիների միջև միասնականության և եղբայրության ոգու վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղևոնդյանն անդրադարձավ Մինսկում հայկական եկեղեցի ունենալու բելառուսաբնակ հայության վաղեմի ցանկությանը՝ առանձնակի կարևորելով հայ համայնքի ներկայացուցիչներին հոգևոր ծառայություններին լիարժեք մասնակցելու հնարավորությանը: Ի պատասխան Գերաշնորհ Սրբազանը նշեց, որ ժամանակին այդ հարցով Բելառուսի Ուղղափառ Եկեղեցի էր դիմել ԲՀ Կրոների և ազգությունների հարցով լիազոր ներկայացուցիչը և հաշվի առնելով, որ քույր Հայ Առաքելական Եկեղեցու ներկայությունը Բելառուսում միայն կհարստացնի մշակույթն ու հասարակական կյանքը, Բելառուսի Ուղղափառ Եկեղեցին տվել էր դրական եզրակացություն Մինսկում հայկական եկեղեցի կառուցելու հարցում: Գերաշնորհ Սրբազանը պատրաստակամություն հայտնեց հետագայում այդ հարցում աջակցելու։

Հանդիպման ավարտին Միտրոպոլիտ Պավելը, հատուկ ընդգծելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ տածած ջերմ վերաբերմունքը, խնդրեց դեսպան Ղևոնդյանին Նորին Սրբությանը փոխանցել իր բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Աստվածածնի սրբապատկերը:

 

Տպել էջը