Հայ-լիտվական հարաբերություններին նվիրված մշակութային երեկույթ Վիլնյուսում

17 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը լիտվացի ականավոր գեղանկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի տուն թանգարանում «ՄԿ Չյուրլյոնիս» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր «ՄԿ Չյուրլյոնիս, լուսավոր անձինք - 2018» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ-լիտվական հարաբերություններին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով հիմնադրամին միջոցառումը հյուրընկալելու համար, ներկայացրեց լիտվացի մրցանակակիրներին, ովքեր իրենց ավանդն են ներդրել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում։

Հետմահու պարգևատրվեց մեծ հայագետ, թարգմանիչ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մարիտե Կոնտրեմայտեն, ով թարգմանություններ է կատարել գրաբարից, միջին և ժամանակակից հայերենից՝ Նարեկացուց մինչև 20-րդ դար՝ Պարույր Սևակ և Հրանտ Մաթևոսյան: Դեսպան Մկրտչյանի խոսքով՝ Մարիտե Կոնտրեմայտեն հայ-լիտվական բարեկամության ամենավառ խորհրդանիշներից մեկն է, ով իր ողջ գիտակից կյանքը նվիրել է ամենատարբեր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը։

Մրցանակ շնորհվեց Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետային, ով անգնահատելի ավանդ է ունեցել 2005թ Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և առհասարակ  երկու երկրների կապերի սերտացման գործում։

Մրցանակակիրների շարքում էր նաև ՀՀ-ում Լիտվայի նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասը, ում Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման գործում կատարած մեծ աշխատանքների համար։

Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու հայազգի նկարիչներ Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի և Փանոս Թերլեմեզյանի կտավների կրկնօրինակներին, հնչեցին դաշնամուրային կատարումներ ՄԿ Չյուրլյոնիսի և Կոմիտասի ստեղծագործություններից։

Տեղեկանք․ «Մ․Կ․ Չյուրլյոնիս, լուսավոր անձիք» մրցանակաբաշխությունը ամենամյա ավանդական միջոցառում է, որը «Մ․Կ․ Չյուրլյոնիս» հիմնադրամի և Լիտվայում հավատարմագրված դեսպանություններից մեկի հետ համատեղ կազմակերպվում է յուրաքանչյուր տարի և նվիրվում երկու երկրների միջև հարաբերություններին և այդ հարաբերությունների խորացման ու զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած մարդկանց։

Տպել էջը