Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

11 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա հարթակների ներուժի լիակատար օգտագործման կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Օդրի Ազուլան անդրադարձան ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքների օրակարգին և զուգահեռ անցկացվող միջոցառումներին: Վերջիններս համակարծիք էին, որ ՖՄԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորում են ընդհանուր արժեքներ և նպատակներ, որոնք կարող են լավ հիմք ծառայել մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն հաստատելու համար:  

 

Տպել էջը