ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց Հունաստանի ԱԳ եվրոպական և միջազգային տնտեսական համագործակցության հարցերով փոխարինող նախարարին

11 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի  տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի՝ եվրոպական և միջազգային տնտեսական համագործակցության հարցերով փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսի հետ։

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ռազմավարական նշանակություն ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով փոխգործակցությանը։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում Յորգոս Կատրուգալոսը վերահաստատեց հունական կողմի աջակցությունը Հայաստանին։

Կողմերն անդրադարձան Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանն ու դրա հեռանկարներին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնահարցի և ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Տպել էջը