«Հայկական գունապնակ» խորագիրը կրող ցուցահանդես Բելառուսում
10 հոկտեմբերի, 2018Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի և Բելառուսի Ազգային արվեստի թանգարանի միջև համագործակցության շրջանակներում Բելառուսի Ազգային արվեստի թանգարանում կայացավ «Հայկական գունապնակ» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր երկու երկրների մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Բելառուսում Հայաստանի դեսպանության անմիջական մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ Գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Բելառուսի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների, հայկական համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ:
Իր բացման խոսքում Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծեց նմանօրինակ մշակութային նախաձեռնությունների և միջոցառումների կարևորությունը, որոնք իրենց նպաստն են բերում երկկողմ միջպետական փոխգործակցության անբաժանելի մասը կազմող հումանիտար կապերի սերտացման գործում: Դեսպանը խորհրդանշական համարեց ցուցահանդեսի բացումը Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 25-րդ հոբելյանական տարում:
Բացման խոսքով հանդես եկավ նաև Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Յուրի Բոնդարը, ով գոհունակությամբ նշեց, որ մշակութային համագործակցության վաղեմի և խորը ավանդույթներ ունեցող Հայաստանի և Բելառուսի միջև ներկայումս էլ առկա է սերտ փոխգործակցություն մշակույթի և արվեստի բոլոր բնագավառներում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներին ուղերձ էր հղել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի բելառուսական մասի համանախագահ, ԲՀ անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։
Ելույթ ունեցան նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ովքեր ներկայացրին հայ ժամանակակից նկարիչների՝ ցուցադրությանն առաջարկված մոտ 60 նկարչական և գրաֆիկական աշխատանքները:
Բացման արարողությանը հաջորդեց Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարարության կողմից երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ թողարկված նամականիշների մարման հանդիսավոր արարողությունը։