Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Դամդին Ցոգթբաաթարի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ կատարվեց առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»: Կողմերը վստահություն հայտնեցին, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար:

 

Տպել էջը