ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ համերգ Ստոկհոլմում

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին Շվեդիայում ՀՀ դեսպանությունը Անկախության օրվա կապակցությամբ Ստոկհոլմի «Կոնսերտհյուսեթ» համերգային համալիրի «Գրյունվալդ» սրահում կազմակերպել էր հայկական «Կադենս» անսամբլի համերգը։

Հայաստանի անկախություն 27 տարիների անցած ճանապարհի, առկա մարտահրավերների և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների, համաժողովրդական շարժման վերաբերյալ ընդգրկուն ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Նա ներկայացրեց նաև հայ-շվեդական հարաբերություններում վերջին տարիներին գրանցված առաջընթացը, մասնավորապես, քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերը և կրթամշակութային փոխանակումները՝ շնորհակալություն հայտնելով այդ գործում իրենց ներդրումը բերած և դեսպանության ջանքերին աջակցած անհատներին և կազմակերպություններին։

Դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նաև տարվա հոբելյաններին՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, ինչպես նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և հարակից միջոցառումներին։

«Կադենս» անսամբլի կողմից հանդիսատեսին ներկայացվեցին հայ և միջազգային դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ։

Շուրջ չորս հարյուր հյուրերի մեջ էին տասնյակ դեսպաններ, ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ:

Համալիրի նախասրահում դեսպանությունը կազմակերպել էր նաև Երևանի 2800-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես։

 

Տպել էջը