ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների հետ

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունեց Գերմանական Մարշալ հիմնադրամի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից կազմակերպված՝ ԱՄՆ և ԵՄ դիվանագետների, քաղաքական փորձագետների և լրագրողների պատվիրակությանը, որը ճանաչողական այցով ժամանել է Հայաստան: 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալ Ռուբինյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձավ նոր կառավարության զարգացման բարեփոխումների օրակարգին։ ԵՄ հետ համագործակցության համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց Հայաստանի դերը տարածաշրջանում որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների կրողի:

Փոխնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին:

Տպել էջը