Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Թեհրանում

24 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 24-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված երեկո: 

Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ պետական այրեր, Իրանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, իրանահայ համայնքի անդամներ:

Երեկոյին ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նա անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, նոր իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, այդ համատեքստում՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրներին:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման և միջազգային իրավունքի այլ հիմնարար սկզբունքների վրա։ Դեսպան Թումանյանն ընդգծեց ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:

Դեսպան Թումանյանն առանձնահատուկ կարևորեց իրանահայ համայնքի դերը Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործում:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը:

 

Տպել էջը