Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։

Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով անդրադառնալով մերօրյա Հայաստանին, նշեց, որ անկախությունից 27 տարի անց էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են կերտել Հայաստանի ապագան՝ այդ կերպ ցույց տալով ամբողջ աշխարհին, որ ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղությունն առաջնահերթություններ են Հայաստանի համար։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գիորգի Շարվաշիձեն իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխարտգործնախարարը խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։

Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրեցին հայկական ժողովրդական երաժշտություն՝ Հայաստանից ժամանած երաժիշտների կատարմամբ։

 

Տպել էջը