Հայաստանի արտգործնախարարն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

03 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ձևավորված ավանդույթի, ուսումնական տարվա կապակցությամբ այցելեց Երևանի պետական համալսարան, ուր առաջին դասախոսությունը կարդաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց հաջողություն նոր գիտելիքներ ձեռք բերման, մասնագիտական կատարելագործման  գործում։

Արտգործնախարարն ուսանողներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նախարար Մնացականյանը նշեց, որ փորձեր են կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ներկայացնել որոշակի եզրույթների, ձևակերպումների և սահմանումների ներքո․ այն կարելի է բնութագրել որպես Հայաստանակենտոն, որում վարվող արտաքին քաղաքական գործունեության կիզակետում Հայաստանն է:

Ներկայացնելով արտաքին քաղաքական օրակարգի գլոբալ ուղղվածությունը՝ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նաև հանդիսանում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կանխարգելման օրակարգի առաջանամարտիկներից մեկը՝ շեշտելով, որ այս կարևորագույն հարցը միայն մեկ կամ մի քանի պետությունների հարց չէ․ այն պահանջում է ամբողջ միջազգային հանրության ներդրումը, գործիքակազմը և կարողությունները:

Անդրադառնալով հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նշանակությանը և նախապատրաստական աշխատանքներին՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս գագաթաժողովն աննախադեպ է, և հայկական կողմը հավատարիմ է այն բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությանը։

Զոհրաբ Մնացականյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների մոտեցումները, ընդգծելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի համար հիմնական առաջնահերթություներից են։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ուսանողների կողմից հնչած հարցերին, որոնք առնչվում էին ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ՝ դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին։

 

Տպել էջը