ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի հիման վրա մշակված ազգային ծրագրի հանրային քննարկումներ

03 օգոստոսի, 2018

Օգոստոսի 3-ին կայացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի հիման վրա մշակված ազգային ծրագրի հանրային քննարկումները, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից բացի քննարկմանը հրավիրված էին մասնակցելու շուրջ 70 հասարակական կազմակերպություններ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վահրամ Կաժոյանը, ով նշեց, որ բանաձևը ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Բանաձևը վերաբերում է հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանը, խաղաղ կարգավորման բանակցություններին, խաղաղապահության, խաղաղաշինության, մարդասիրական այլ առաքելություններին, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործողություններում կանանց կարևոր դերակատարության հարցերին:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը ներկայացրեց բանաձևի հիման վրա ազգային ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի կողմից աշխատանքները, անդրադարձավ 1325 բանաձևի հիմնական ուղղություններին՝ կանխարգելում (prevention), պաշտպանություն (protection), մասնակցություն (participation) և օժանդակություն ու վերականգնում (relief and recovery):

Քննարկման մասնակիցների կողմից նշվեց, որ նման քննարկումների նպատակը հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին նախագծի մանրամասների մասին իրազեկելն ու հետագա լրամշակման աշխատանքներին մասնակից դարձնելն է։

Նշվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար:

Տեղեկանք. 1325 ազգային Ծրագիրը մշակվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 76-րդ կետի համաձայն։

Տպել էջը