Արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողների համար դասընթաց ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

25 հուլիսի, 2018

Հուլիսի 16-ից 25-ը ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողների վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դասընթացի նպատակն էր արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողներին ծանոթացնել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային և միջազգային մի շարք զարգացումներին, հանրային դիվանագիտության՝ որպես ՀՀ արտաքին քաղաքականության շահերին ծառայեցնելու գործիքի օգտագործման հնարավորություններին:

Դասընթացի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը: Դասընթացի շրջանակներում արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր խնդիրները և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումները:

Մանրամասն ներկայացվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, ինչպես նաև դեկտեմբերին նախատեսված ՛՛Ընդդեմ ցեղասպանության հանցագործության՛՛ երրորդ գլոբալ ֆորումի կազմակերպչական աշխատանքները: Լրագրողները ծանոթացան նաև հյուպատոսական, իրավապայմանագրային և արարողակարգային բնույթի աշխատանքների նրբություններին:

Դասընթացի ավարտին լրագրողներին տրամադրվեցին մասնակցության վկայականներ:

Տպել էջը