Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հետ

21 հուլիսի, 2018

Հուլիսի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հոջաթոլլահ Այուբիի հետ:

Ջերմորեն ողջունելով ՀՀ դեսպանին` Հոջաթոլլահ Այուբին պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ:

Դեսպան Թումանյանը մեծապես կարևորեց երկու երկրների միջև մշակութային համագործակցության զարգացումը, նշելով, որ Հայաստանը մշտապես բարձր է գնահատել ԻԻՀ կառավարության հոգատար վերաբերմունքն Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ներկայումս մեծ աշխատանք է տարվում Սպահանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու, ինչպես նաև Սուրբ Թադեի վանք ուխտագնացության արարողությունը ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու համար: Խոսվեց նաև հայկական մշակութային ժառանգության այլ արժեքների պահպանության և հանրաճանաչման համար անհրաժեշտ աշխատանքների մասին:

ՀՀ դեսպանը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում նաև հայ մշակույթն իրանական հասարակությանը ներկայացնելու գործին: Այս համատեքստում անդրադարձ եղավ հայկական կինոյի, թատրոնի, երաժշտության և մշակութային այլ ոլորտների արժեքներն Իրանում ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Հոջաթոլլահ Այուբին վերահաստատեց հայկական կողմի հետ աշխատելու իր պատրաստակամությունը:

Տպել էջը