Բուլղարիայում ՀՀ դեսպանն ու Սոֆիայի քաղաքապետն այցելեցին հայկական “Սուրբ Աստվածածին” եկեղեցու շինհրապարակ

20 հուլիսի, 2018

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆընդակովայի համատեղ այցելությունը մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հայկական “Սուրբ Աստվածածին” նոր եկեղեցու շինհրապարակ՝ տեղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Դեսպան  Սարգսյանը և քաղաքապետ  Ֆընդակովան շրջեցին “Սուրբ Աստվածածին” եկեղեցու շինհրապարակով, զրուցեցին Սոֆիայի եկեղեցական խորհրդի և հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկեցին ներկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Քաղաքապետ  Ֆընդակովան տեղեկացրեց, որ Սոֆիայի քաղաքապետարանը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նույնպես իր բյուջեից ֆինանսավորում կհատկացնի եկեղեցու շինարարական աշխատանքներն իրականացնելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ եկեղեցու շինարարական և ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն 2019թ. օգոստոսին:

Տեղեկանք. Սոֆիայի “Սուրբ Աստվածածին” եկեղեցին կառուցվել է XVII-րդ դարում: 1936թ.-ին եկեղեցին տեղափոխվել է մայրաքաղաքի նորաբաց Հայկական ժողովրդական տուն, որտեղ գտնվում է առ այսօր: Նոր եկեղեցու նախագծային և շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006թ.-ին: Նախագծի հեղինակն է բուլղարահայ ճարտարապետ Հակոբ Կարակաշյանը:

Տպել էջը