Փարիզում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին նվիրված ասուլիս

05 հուլիսի, 2018

Հուլիսի 5-ին Փարիզում ՖՄԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ասուլիս, որը նվիրված էր հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին: Ասուլիսի ընթացքում երկու տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանեցին ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին, ՖՄԿ հաղորդակցության հարցերով տնօրեն Վեռոնիք Տավոն, ՖՄԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Բերտրան Լեբլանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում արծարծվեցին երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, անցկացվելիք միջոցառումներին ու ընդունվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր։ Բանախոսները ներկայացրեցին Հայաստանի ներգրավվածությունը ՖՄԿ-ին և հավատարմությունն ու շարունակական ներդրումը ֆրանկոֆոն արժեքների ամրապնդման և տարածման գործում, Կազմակերպության նշանակությունը Հայաստանի համար:

Փարիզում ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՖԿՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար  Ժան-Լուի Աթանգանա Ամուգուի և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուի հետ, որոնց հետ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ՖՄԿ երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և ձեռնարկվող քայլերի շուրջ:

ՖՄԿ ԳՔ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառույցի գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու Հայաստանի իշխանությունների հանձնառության վերահաստատումը և կառավարության կազմավորումից անմիջապես հետո  կազմակերպչական աշխատանքներին նոր ավյունով լծվելը, ինչին նրանք ականատես եղան Երևան մայիսին կատարած այցելության ընթացքում։

Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան նաև Ֆրանկոֆոնիայի  պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության, France24 հեռուստաընկերության և Radio France International ռադիոկայանի ղեկավարության հետ՝  քննարկելու վերոհիշյալ լրատվամիջոցների կողմից գագաթաժողովի միջոցառումների լուսաբանմանն առնչվող հարցեր:

Վարչապետի խորհրդականն ու ԱԳՆ մամուլի խոսնակը ներկա գտնվեցին նաև ՖՄԿ մշտական խորհրդին, հանդիպում ունեցան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:    

Տպել էջը