Վարչապետը ներկա գտնվեց Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

04 հուլիսի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա գտնվեց www.divanaget.am կայքէջի շնորհանդեսին:

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեպան Վահե Գաբրիելյանը ներկայացրեց նոր կայքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Առաջին Հանրապետության, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները, տարբեր երկրներում և կազմակերպություններում մեր դիվանագիտական ներկայացուցիչները։

Կայքի ստեղծման համար Դիվանագիտական դպրոցից պահանջվել է երկու տարուց ավելի ժամանակ, և անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար դպրոցը համագործակցել է պետական տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, թանգարանների, լրատվական գործակալությունների և անհատների հետ։
 
Վարչապետը նշեց, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարևոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետևությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ: Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետը եղավ նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, շրջայցի ընթացքում ծանոթացավ ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացին:

 

Տպել էջը