Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Միհայ Դարաբանի հետ
03 հուլիսի, 2018Հուլիսի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի Առևտրաարդյունաբերական պալատի (ՌԱԱՊ) նախագահ Միհայ Դարաբանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՌԱԱՊ նախագահի խորհրդական, Ռումինիայի նախկին ԱԳ նախարար Լազար Կոմանեսկուն։
Հանդիպման ընթացքում քնարկվեցին Հայաստանի և Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները:
Դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանում ստեղծվում են բավական բարենպաստ քաղաքական և տնտեսական նախադրյալներ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու և ներդրումային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դեսպանի խոսքով՝ դա ռումին գործարարներին հնարավորություն կտա հայաստանցի գործընկերների միջոցով դուրս գալ ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։ Մյուս կողմից, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նույնպես նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ռումինիայի երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության համար:
Հանդիպմանը քննարկվեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվելիք տնտեսական ֆորումին ռումին գործարարների մասնակցության հարցը: Այս համատեքստում անդրադարձ եղավ Հայաստանի մարզերի և քաղաքների հետ բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատած Ռումինիայի համապատասխան նահանգների և քաղաքների գործարարների հնարավոր մասնակցությունը: