Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահին

02 հուլիսի, 2018

Հուլիսի 2-ին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ ք.Երևան) իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի առանձնազրույցը Իսրայելի նախագահի հետ: Շնորհավորելով դեսպան Սմբատյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության իրականացման մեջ՝ նշելով, որ դեսպանի նախկին փորձն օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի՝ իր նպաստը բերելու հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Կողմերն ընդգծեցին փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:

Զրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը նախագահ Ռիվլինին ներկայացրեց  ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, երկրի ներսում խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Իսրայելում հայ համայնքին, տարածաշրջանային գործընթացներում երկկողմ տնտեսական և ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին։

Տպել էջը