Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց ՎՍՀ վարչապետի և արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի հետ

01 հուլիսի, 2018

Հուլիսի 1-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ՎՍՀ Թայ Նգույեն մարզի «Ներդրումների խրախուսում Թայ Նգույեն մարզ» համաժողովի շրջանակներում հանդիպեց ՎՍՀ վարչապետ Նգույեն Ֆուան Սուկի հետ:

Վարչապետի նախաձեռնությամբ դեսպան Վարդանյանը տեղեկացրեց վերջերս տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների, ՀՀ նոր կառավարության և նոր վարչապետի հանձնառությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, արդարության և տնտեսական դաշտում հավասար պայմանանների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանում ներդրումների համար առկա գրավիչ միջավայրը։

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ՎՍՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձան Գործարարների ֆորումին երկու երկրների գործարարների միջև ուղիղ շփումներին և միասնական աշխատանքների միջոցով ներդրումային, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ծրագրերին:

Նույն օրը դեսպան Վարդանյանը հանդիպեց Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հոանգ Քուոկ Վուոնգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրաշրջանառությանը, Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի 2019թ. կայանալիք նիստի օրակարգին, ինչպես նաև ԵԱՏՄ-Վիետնամ Ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցերին։

Տպել էջը