ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի այցը Թեհրանի համալսարան
01 հուլիսի, 2018Հուլիսի 1-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Թեհրանի համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ ռեկտոր Մահմուդ Նիլի Ահմադաբադիի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում ՀՀ վերջին տարիների ձեռքբերումները, մասնավորապես, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ունեցած առաջընթացը:
Թեհրանի համալասարանի ռեկտորը խոսեց իր ղեկավարած հաստատության կառուցվածքի և այլ երկրների հետ համագործակցության փորձի ու հնարավորությունների մասին: Այս համատեսքտում կողմերը քննարկեցին համալսարանական համագործակցության հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձան համատեղ գիտակրթական և հետազոտական ծրագրեր իրականացնելու, ուսանողների և դասախոսների փոխանակության, գիտաժողովներ և տարբեր ձևաչափերով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությանը:
Երկկողմ համագործակցության ներուժի բացահայտման և փոխճանաչողության մակարդակի բարձրացման նպատակով կողմերը կարևորեցին երկու երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչների փոխայցելությունները: