Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց ԵԽԽՎ նորընտիր նախագահին

28 հունիսի, 2018

Հունիսի 28-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ։

ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհավորեց տիկին Մորի Պասկիեին ԵԽԽՎ նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Պարույր Հովհաննիսյանը, մասնավորապես, ընդգծեց, որ տիկին Պասկիեի մասնագիտական հատկանիշներն ու ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության նրա սկզբունքային դիրքորոշումը, որի մասին վերահաստատեց նախագահությունը ստանձնելիս, վստահություն են ներշնչում, որ որպես ԵԽԽՎ ղեկավար՝ վերջինս կնպաստի Խորհրդարանական վեհաժողովի հեղինակության ու դերի ամրապնդմանը։

ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց ժողովրդավարական արժեքներին և սահմանադրությանը համապատասխան Հայաստանում իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը, որն ուղի է բացել երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման համար։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպայի խորհուրդ համագործակցության մի շարք օրակարգային հարցերի։

Տպել էջը