Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ
28 հունիսի, 2018Հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։
Շնորհավորելով Վրաստանի արտգործնախարարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և հույս հայտնեց որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելություններին, առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը և այլն:
Դեսպան Սադոյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և նրա ընձեռած հնարավորություններին։ Նախարար Զալկալիանին նշեց, որ, հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը, բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։
Դեսպան Սադոյանը նախարար Զալկալիանիին ներկայացրեց այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշեց, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ այդ համատեքստում քննարկելով հանձնաժողովի նիստի կազմակերպման հնարավորությունները:
Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ փաստեց վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների և այցելուների թվի աճը։