ՖՄԽ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին Պլեյադի երրորդ աստիճանի հրամանատարի շքանշանի հանձնման մասին

27 հունիսի, 2018

Հունիսի 27-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար Ժակ Քրաբալը ՖՄԽ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանին հանձնեց Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության երրորդ աստիճանի հրամանատարի շքանշանը:

Արարողությունը տեղի ունեցավ ֆրանսիական Սենատում՝ Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի Գլխավոր վեհաժողովում, մի քանի տասնյակ ֆրանկոֆոն դեսպանների ներկայությամբ։

Շքանշանի պարգևատրման ժամանակ Գլխավոր քարտուղար Քրաբալը, շնորհավորելով դեսպան Տեր Ստեփանյանին, կարևորեց իր գործունեությունն ի նպաստ ֆրանկոֆոնիայի, ինչպես նաև, մասնավորապես, ֆրանկոֆոն դեսպանների խմբում նրա դերը, որտեղ նա եռանդուն աշխատում է հանուն Ֆրանկոֆոնիայի արժեքների խթանման:

Դեսպան Տեր Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյին իր նկատմամբ ունեցած բարձր գնահատանքի և վստահության մասին վկայող այդ որոշման համար։ Նա ընդգծեց, որ այդ քայլը վկայում է նաև Ֆրանկոֆոնիային և նրա արժեքներին ծառայելու Հայաստանի ունեցած մեծ պարտավորության ճանաչման մասին:

Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի հիմնադիր անդամ, առաջին նախագահ դեսպան Տեր Ստեփանյանը վեհաժողովում վերընտրվեց Խմբի Գերագույն մարմնի անդամ:

Տպել էջը